Search
Close this search box.

Ո՞վ է կանգնած Օսիպյանի հրաժարականի հետևում և ինչ գիտի նախկին ոստիկանապետը

«168 ժամ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանը երեկ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից հրաժարական տվեց և ժամեր անց նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Ոստիկանության պետի պաշտոնից անհասկանալի ու չմեկնաբանված պատճառներով հրաժարական տված մարդուն մեկ այլ պաշտոնի նշանակելն առնվազն տարակուսելի է։ Եթե ոստիկանության պետն այդքան լավ էր կատարում իր պարտականությունները և խնդիր չուներ վարչապետի հետ, ուրեմն ինչո՞ւ վարչապետն ամեն ինչ չարեց, որ նա մնա իր պաշտոնում, իսկ եթե դա այդպես չէ, ի՞նչ պատճառով է Վալերի Օսիպյանը նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։

Տրամաբանական պատասխանը, թերևս, մեկն է. վարչապետն իրեն ավելի մոտ է ցանկանում պահել Վալերի Օսիպյանին։ Ինչո՞ւ, ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում արդեն նախկին ոստիկանապետը, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նրան հեռու պահել իրենից, բաց թողնել։ Այստեղ, թերևս, տեղին է հիշել, թե ինչ խոսակցություններ էին պտտվում Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնում անակնկալ նշանակման օրերին, որոնց առանցքում այն մտայնությունն էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանն ավելի վաղ արդեն իսկ հետագայի համար պայմանավորվածություններ ունեին։

Արժե հիշել նաև իշխանափոխության օրերին երթերից մեկի ժամանակ ֆիքսված այն կադրը, ուր Նիկոլ Փաշինյանը թաքուն ինչ-որ թուղթ էր փոխանցում Օսիպյանին։ Ի դեպ, այդ տեսանյութի բացատրությունը նույնպես մինչ օրս չի տրվել։
Վանեցյանի դեպքում խնդիրներ էր առաջանում իշխանության «Սորոսական» թևի հետ, որոնք սուր պայքար և հարձակումներ էին սկսել նրա դեմ, իսկ արտաքին առումով՝ Վանեցյանը վայելում էր ռուսական կողմի վստահությունը, շատ հաճախ հենց նրա հետ էր ռուսական կողմը հարցեր քննարկում՝ շրջանցելով թե Փաշինյանին, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Ինչևէ, վարչապետ Փաշինյանի համար, թերևս, դժվար կլիներ նոր իշխանությունների և առհասարակ առանձին ներկայացուցիչների մասին ինֆորմացիայի ահռելի քանակի տիրապետող երկու նախկին ուժայիններին ստիպել լռել, ներքին ինֆորմացիա դուրս չհանել՝ թեկուզև մեկնաբանությունների տեսքով, և նա գերադասեց իրեն ավելի մոտ պահել նրանցից այն մեկին, ով ըստ էության ավելի վերահսկելի է։

Չի բացառվում, որ չխոսելու համար Օսիպյանը կարգավիճակ պահանջած լինի Նիկոլ Փաշինյանից, ինչը նրան հաստատ պետք կգար նաև՝ ելնելով քրեական աշխարհի հանդեպ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Օսիպյանի ձեռնարկած քայլերի հետևանքով վրեժխնդրության հավանական դրսևորումների տրամաբանությամբ պայմանավորված անվտանգության նկատառումներից։ Իսկ գլխավոր խորհրդականի պաշտոնը գոնե այս փուլում նրան կապահովագրի կրիմինալ աշխարհի պատասխան քայլերից։

Մնում է հասկանալ, թե, այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով իր պաշտոնից հրաժարվեց Վալերի Օսիպյանը։ Իսկ միգուցե դա հրաժարական չէր, այլ քողարկված հեռացում, «Սասնա ծռերի» խմբավորում-կուսակցության պահանջի կատարում, ովքեր շարունակ պահանջում էին ոստիկանության պետի հրաժարականը։

Եվ եթե այս ամենը դիտարկում ենք ԱԺ վերջին օրենսդրական փոփոխության ու «Սասնա ծռերի»՝ երեկ տարածած հայտարարության համատեքստում, պատկերն ամբողջանում է։ Իսկ երեկ «Սասնա ծռերը» պահանջել էին «ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»։

Չի բացառվում, որ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հենց այս պահանջն էին նաև դրել, որը և քայլ-քայլ իրականացնում են։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, ու եթե առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված այդ օրենքն ամբողջությամբ ընդունվի, ապա նշված պաշտոններում իսկապես կարող են նշանակվել երբևէ համակարգի հետ կապ չունեցած պատահական մարդիկ, ինչպիսիք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ պատգամավոր են։

Մնում է տեսնել՝ ով է նշանակվելու ոստիկանության պետի պաշտոնում, ու պարզ կլինի՝ ո՞վ է կանգնած Վալերի Օսիպյանի հրաժարականի հետևում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL