Կրծքագեղձի և թոքի քաղցկեղները քաղցկեղի ամենատարածված տեսակներն են Հայաստանում: Այս առումով կարևոր է, որ քաղցկեղի այդ տեսակների բուժման արդյունավետ ու ժամանակակից մոտեցումների ներկայացմանը միտված մասնագիտական քննարկումները պարբերական լինեն: Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչները հենց խնդիր էին դրել խնդրով զբաղվող հայ կոլեգաներին ներկայացնել կրծքագեղձի ու թոքի քաղցկեղների բուժման մեջ կիրառվող նորարարություններն ու միջազգային պրակտիկայի թարմացումները:
ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ Ուռուցքանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի ու 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի կազմակերպած միջացառման հրավիրված էին բոլոր հիվանդանոցների ու պոլիկլինիկաների ուռուցքաբաները:
“Ամերիկյան ու միջազգային փորձը և ոլորտի վերջին նորարարությունները ներկայացնելու համար Կալիֆոռնիայից հրավիրել ենք բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, քիմիաթերապևտ, պրոֆեսոր Կարո Արզուին»,-բացման խոսքում տեղեկացրեց Արմինե Հարությունյանը:
Կարո Արզուն Հայաստանի կոլեգաների առաջ հանդես եկավ ծավալուն զեկույցով՝ իր խոսքում շեշտադրելով, որ մենք արդեն ապրում ենք իմունոթերապիայի կիրառման կարևորության դարում: Նա մանրամասն խոսեց իմունոթերապիայի օգտագործման եղանակների ու առավելությունների մասին:Ըստ վիճակագրական տվյալների՝ իմունոթերապիայի բուժման արդյունքները երկու անգամ գերազանցում են քիմաթերապիայի արդյունքներին, քանի որ այն ավելի թիրախային է վերացնում ախտահարված բջիջները: Սակայն նա նաև նկատեց նաև, որ քաղցկեղի շատ դեպքերի բուժման հարցում արդյունավետ է նաև քիմաթերապիայի ու իմունաթերապիայի համադրության տարբերակը ևս. “Բժիշկը հենց ինքը պետք է հետազոտության ավարտից հետո որոշի բուժման մեթոդների համադրությունների արդյունավետությունը ՝ ըստ հիվանդության փուլի և աստիճանի”,- շեշտեց նա:
Նա ափսոսանք հայտնեց նաև, որ Հայաստանում մոլեկուլյար գենետիկայի ու իմունաթերապիայի հնարավորությունները դեռ լայնորեն չեն կիրառվում ու հույս հայտնեց, որ իր տված տեղեկությունները կնպաստեն, որ Հայաստանում մասնագետները ավելի շատ ձգտեն կիրառել այս մոտեցումները, իմունաթերապիայի դեղամիջոցները:
Ի պատասխան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը նկատեց, որ կան իմունաթերապիայի դեղամիջոցներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանում ու կան Հայաստանում նաև մասնագետներ, ովքեր տիրապետում ու կիրառում են այդ դեղամիջոցները, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ թանկ արժեն ու պացիենտների 50-ից մեկն իրեն կարող է թույլ տալ ստանալ այդ դեղամիջոցները: Մեզ հետ զրույցում էլ Հայկուհի Գյոկչյանը շեշտադրեց, որ այժմ աշխատանք է տարվում, որ ապահովագրական համակարգի միջոցով պացիենտները գոնե մինինալ չափով այդ դեղամիջոցները ստանալու հնարավորություն ստանան:
Գիտաժողովին ներկա Առոջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն էլ շեշտեց, որ ուռուցքաբանության ոլորտի շարունանական զարգացումը գերակա ուղղություն է իրենց համար.«Կարևոր է այս հիվանդության վաղ հայտնաբերման, բուժման ու կանխարգելիչ մեթոդների ուղղությամբ աշխատանք տանելը: Ոլորտը բարելավելու և կարգավորելու ուղղությամբ դեռ բավականին անելիքներ ունենք: Մենք բաց ենք աջակցելու ցանկացած ձևաչափով փորձի փոխանակմանն և նոր համագործակցություններին, որոնք օգնում են առաջընթաց գրանցել ուռուցքով հիվանդ պացիենտների օգնելու հարցում»,-նշեց Լևոն Հակոբյանը:
«Էրեբունի» բ/կ կրծքային վիրաբուժության բաժնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում կան կենտրոններ ու մասնագետներ, ովքեր առաջընթաց են գրանցում նոր մոտեցումները կիրառելու հարցում: Նա կարևոր հանգանանք համարեց այն, որ մասնավորապես Էրեբունի ԲԿ-ում ուռուցքային խնդրով դիմած ցանկացած պացիենտի բուժման տակտիկան որոշում է Tumor board-ը Ուռուցքաբանության գծով փոխտնօրենի ղեկավարությամբ: Թիմային ու համաձայնեցված աշխատանքը մասնագետների միջև թույլ է տալիս բարձրացնել պացիենտի բուժման արդյունավետությունը:
Mednews.am