Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակին:
Ստորեւ ներկայացնում են նրա ելույթն ամբողջությամբ.
«Հետեւելով ՍԴ-ում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին, չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները:
1-ին. Այս տարվա սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս, ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմորդն ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:
Ի հավելումս, ՍԴ որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկումտվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվե է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում եւ ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն:
Նույն կարծիքում արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիրոնե բարձրացրել է ՍԴ մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը սակայն տեղի չի ունեցել: Ընդ որում, ես զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից, բայց այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական ու քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է ՍԴ որոշման բովանդակությանը, ապա վստահաբար կարելի է նշել, որ առանց որեւէ առերեւույթ հիմնավորման, ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից:
2-րդ. Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղղված ՍԴ դիմումների մասով.
Առա այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴ ԱՈ-81 եւ ՍԴ ԱՈ-82 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: ՍԴ-ն մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ ԱԺ-ն, առայսօր չի տրամադրել ՄԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը:
Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության, ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործով պատասխանող կողմն ԱԺ աշխատակազմը չէ, եւ դիմումի հայերեն տարբերակը ԱԺ-ին տրամադրվել չի կարող:
3-րդ. ՍԴ-ի ինքնավարության եւ քաղաքական ազդեցության մասով.
2018 թվականի ապրիլին ուժի մեջ մեջ մտած իրավական կարգավորումներով, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018-ի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի մինչեւ 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ:
Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ ԱԺ-ն որպես Հայաստանի ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ»: