Ծխախոտի դեմ պայքարի նախագիծն ընդունվելուց հետո էական դրույթներն ուժի մեջ են մտնելու 2021-2022 թվականներին։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Դեռ հայտնի չէ, թե ԱԺ-ն երբ կընդունի օրենքը։ Մենք մարդկանց իրավունքները չենք սահամանափակում, օգտագործման սահմանափակում չկա, կա որոշակի վայրերում օգտագործման սահմանափակում»,- ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում նաև զիջումներ են արել, մասնավորապես, խոսքը ժամկետների մասին է։
«Մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այս օրենքի գործողության դեպքում մեկ տարում արդյունք չենք ունենա, 10-15 տարուց է արդյունք լինելու, իսկ այդ ժամանակ մեր երեխաներն են լինելու մեզ նման հասուն քաղաքացիներ, որոնց մենք թողնում ենք առողջ ապագա։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դրան դեմ կլինի»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հավելեց, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենքները գործում են արդյունավետ, հատուկ վերահսկողություն սահմանելու կարիք չկա։
«Նույն ՌԴ փորձը, 2014 թվականի հունիսի 1-ից են ներդրել օրենքը, երկու օր հետո մոնիթորինգ են արել բոլոր ռեստորաններում, 98 տոկոս օրենքի պահպանում են արձանագրել՝ առանց որևէ հսկողության»,- ասաց նա։
Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին։
Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։