ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ ԱԺ այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ա. Միրզոյանը նշեց, որ համապատասխան գրությունն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։
«Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը:
Օգոստոսի 29-ին Է. Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելու միջոցով.
«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»։