Search
Close this search box.

Ներկրվող ավտոմեքենաները թալանվում են. խայտառակ իրավիճակ Փոթիում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե` գումարներ են ծախսել մարդիկ մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու համար, բայց հետո ստացել են կիսատ-պռատ մեքենա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման դեպքերում ավտոներկրողները հսկայական դրամական կորուստներ են ունենում, քանի որ «գողացված» մասերը ստիպված են լինում փոխարինել կամ գնորդին մեքենան էժան գնով են վաճառում: Շատ դեպքերում անգամ գնորդները հրաժարվում են գնել մեքենան, եւ ներկրողը ստիպված է լինում այն կանգնեցնել ամիսներով մինչեւ նոր գնորդ ձեռք բերելը: Ընդ որում, ավտոմեքենայի մասերը հիմնականում պակասում են հենց Փոթի նավահանգստում:

Մեքենա ներկրողների կողմից բարձրացրած այս խնդիրը տեւական ժամանակ է` այդպես էլ լուծում չի գտնում: Ավտոներկրող Գագիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս «դարավոր» եւ չկարգավորվող խնդրին, հայտարարեց. «Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, սկսում են մեքենայից մասեր վերցնել: Մեքենան հասավ Վրաստան, նորմալ է, ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում:

Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան պարզ երեւում է, ամեն ինչ կարգին է, հիմա արդեն դուրս է եկել, բայց գնամ Փոթի այն վերցնելու, պետք է ստուգեմ` դետալներին ձեռք են տվել, թե ոչ: Վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետեւ թանկ է: Դժվար ամերիկացին կամ ճապոնացին կատալիզատոր հանի ու վաճառի»,- նկատեց ավտոներկրողը` ընդգծելով, որ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կատալիզատորների վաճառքը եւս տարածված բնույթ է կրում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան, իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL