Search
Close this search box.

Շուտով ուղևորներին կկշռեն յուրաքանչյուր չվերթից առաջ

Բրիտանիայում կոչ են անում ավիափոխադրողներին կշռել ուղեւորներին, որպեսզի կրճատվի վառելիքի ծախսը, գրում է Turizm-ը՝ հղում կատարելով The Sun-ին։

Բրիտանական Fuel Matrix ընկերությունը պայքարում է ավիաընկերություններում ուղեւորներին հարկսդիր կշռելու համակարգի ներդրման համար։ Նորամուծության նախաձեռնողների կարծիքով, վառելիքի ծախսը կարող է զգալիորեն փոխվել ինչպես ավելանալու, այնպես էլ նվազելու կողմը՝ կախված փոխադրվող ընդհանուր քաշից։ Օգտագործելով ուղեւորների քաշի մասին հավաքված տվյալները՝ փոխադրողները կարող են որոշել ավիացիոն նավթի ճշգրիտ քանակը, որն անհրաժեշտ է կոնկրետ չվերթի իրականացման համար։ Դա իր հերթին կարող է նվազեցնել շրջակա միջավայր արտանետվող ածխաթթու գազը։

Ներկայում ավիաընկերությունները վառելիքի ծավալը հաշվելու համար օգտագործում են ուղեւորների քաշի վերաբերյալ միջին տվյալներ։ Այսպես, տղամարդկանց միջին քաշը հաշվվում է 88 կգ, կանանցը՝ 70 կգ, երեխաներինը՝ 35 կգ։ Այս տվյալներից ելնելով էլ ավիափոխադրողները կատարում են իրենց ինքնաթիռների լիցքավորումը։ Սակայն Fuel Matrix-ում վստահ են, որ ընկերությունները հաճախ ավելի շատ վառելիք են լցնում, քան անհրաժեշտ է։

Ներկայում Fuel Matrix-ը համակարգը ներդնելու բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի մի քանի փոխադրողների հետ։ Կշռելը կարող է կատարվել հատուկ սարքերի միջոցով, եւ կարող է տեղի ունենալ երբ ուղեւորները գրանցվում կամ հանձնում են ուղեբեռը։ Յուրաքանչյուր ուղեւոր պետք է տա կշռվելու իր համաձայնությունը։ Ստացված ողջ տեղեկատվությունը գաղտնի կփոխանցվի ավիաընկերությանը։

Please enter a valid URL