Search
Close this search box.

Անգրագետ Պողոսի նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ
Իմ անունը Պողոս է, բայց ես ավելի հայտնի եմ անգրագետ Պողոս անունով: Հուսամ՝ տեղը բերիք: Ընդունեք ջերմագին բարևներս և բարեմաղթանքներս ձեր ընտանիքի բոլոր անդամներին: Ձեր զինվորը բարով խերով հետ գա, մեծ հարսանիք անեք ու մի լավ պարեք:

Պարոն Փաշինյան, գուցե ձեզ տարօրինակ թվա, բայց մեծ դժվարությամբ գրիչ վերցրեցի, որ գրեմ այս նամակը: Մտածում էի՝ օգուտ չունի վարչապետին նամակ գրելը, որովհետև ինքը մեկն է, իսկ նամակներ գրողները հարյուր հազարներ՝ ամեն մեկն իր դարդուցավով, ամեն մեկն իր խնդրանքով ու պահանջով: Մեր հարևան Շմավոնն ասաց՝ Պողոս, բախտի բան է, մեկ էլ տեսար՝ հենց քո նամակն առաջինն ընկավ վարչապետի ձեռն, ու նա կարդաց, իսկ որ կարդաց՝ մի բան կանի: Այդ հույսով էլ գրում եմ:

Ուզածս մեծ բան չէ, պարոն վարչապետ: Խնդրում եմ՝ մի անգրագետի գործ էլ ինձ համար ճարեք ձեր կառավարությունում: Ում դիմել եմ՝ ասել են վարչապետն անձամբ է զբաղվում այդ հարցով: Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե ինչ եղանակով եք ընտրում լավագույն անգրագետներին, բայց ներքուստ վստահ եմ, որ ինչ էլ լինի, ինձնից ավելի անգրագետ մարդու չեք գտնի:

Հաջորդիվ կուղարկեմ ինքնակենսագրությունս, իսկ մինչ այդ վստահեցնում եմ Ձեզ, որ կառավարությունում աշխատելու տարիներին կկարողանամ անհամեստ աչքերից վարպետորեն թաքցնել աշխատանքային գործունեությանս մեջ առկա մի քանի անպատեհություններ, այդ թվում նաև գիտությունների թեկնածու, դոցենտ լինելու հանգամանքս:

Ձեր պատասխանին անհամբեր սպասող՝
անգրագետ Պողոս
Քաղաքացի Պողոսի նամակը  ուղարկեց  Էդիկ Անդրեասյանը

Please enter a valid URL