Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի (Կարմիր բերետներ) ոստիկաններ Կարեն Զաքարյանն ու Փայլակ Թևանյանը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։
Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար, խոշոր չափի վատնում կատարելու կասկածանքով կալանավորված Գագիկ Խաչատրյանին պատկանող Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների խանութի դռան ապակու վրա։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։