ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:
Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին և խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:
Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:
Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողներն այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»: