Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու որոշումը: Ըստ այդմ՝ 2019-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 1 միլիարդ 667մլն 675 հազար դրամ: Բարձրացումը կվերաբերի 38 հազար ուսուցչի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց վերջին օրերին լայն տարածում գտած այն տեղեկությունը, որ աշխատավարձերի բարձրացումն արվել է կրճատումների հաշվին:
«Այս գործընթացի հետ կապված կրճատումներ չկան: Կրճատումները եղել են սովորական, ինչպես եղել են նախկինում՝ տարիքային հանգամանքով պայմանավորված»,- նկատեց նախարարը:
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն էլ ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացումը պետք է շարունակական լինի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդրի լուծման համար աշխատավարձի բարձրացումը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահենք: Նաև պետք է մեխանիզմ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչպես են մեր որոշումներն ազդում հանրակրթության որակի վրա: Այս աճը մենք հեղափոխական չենք համարում, բայց գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե մենք կկարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել»,- նշեց վարչապետ Ն. Փաշինյանը: