Search
Close this search box.

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Մարգարյան հիվանդանոցում 24–ամյա ծննդկանը տղա երեխա լույս աշխարհ բերելուց ժամեր անց մահացել է

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները  իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Զրուցակիցները կայքին հայտնել են, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է այս ծննդատուն: Այսօր առավոտյան առաջնեկն է ունեցել՝ տղա երեխա: «Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է: Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար: Ուզում ենք Առողջապահության նախարարությունը՝ նախարար Արսեն Թորոսյանի հսկողության տակ, առանձին հետաքննություն կատարեն: Ճիշտ է, այս պահին արդեն ոստիկաններն ու քննիչները ժամանել են, բայց մենք ուզում ենք, որ Լուիզայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիքում ուրախությունը կարճ չտևի: Մինչ մենք ուրախանում էինք երեխայի լույս աշխարհ գալու առիթով, ստացանք մոր մահվան մասին լուրը»:

Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է: Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից, սակայն բժիշկ չկա, ասես բոլորը «հօդս ցնդած լինեն»: «Ճիշտ է, մենք Լուիզային էլ հետ չենք բերի, բայց պահանջում ենք, որպեսզի նրա մահվան մեջ մեղավորները պատժվեն, որպեսզի, նորից ենք կրկնում՝ հետագայում մեր նման ընտանիքներ այս վիշտը չապրեն»:

Please enter a valid URL