Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է.
Ասում են, որ սեպտեմբերի 2-ը տոն է՝ Արցախի անկախության օրն է: 1991թ այս օրը Արցախն անկախություն հռչակեց: Խնդիրը բազմակողմանի դիտարկելու համար, համադրենք փաստերը՝
1. 1989թ դեկտեմբերի 1-ին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վերամիավորվեցին:
2. 1990թ մայիսի 20-ին, հիմնվելով 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման վրա, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ Հայաստանում անցկացվեցին Գերագույն Խորհրդի ընտրություններ: Լեռնային Ղարաբաղում կար ՀՀ ԳԽ խորհրդի 12 ընտրատարածք, որոնցից ընտրվեցին թվով 11 պատգամավորներ (Շուշին ընդգրկող ընտրատարածքն ազատ մնաց):
3. 1991թ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեց:
Հիմա, ելնելով փաստերից մի քանի տրամաբանական հարց՝
1. Եթե 1989թ դեկտեմբերի 1-ին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վերամիավորվեցին, ապա տրամաբանական է, որ հենց այդ օրը Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից և մտավ Հայաստանի կազմ: Այս պարագայում, ումի՞ց անկախացավ Լեռնային Ղարաբաղը 1991թ սեպտեմբերի 2-ին:
2. Ի՞նչ էին անում, 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով, 1990թ մայիսի 20-ին Լեռնային Ղարաբաղից ՀՀ ԳԽ ընտրված թվով 11 պատգամավորները ՀՀ ԳԽ-ում մինչև 1995թ հուլիսի 5-ը՝ ՀՀ ԱԺ հաջորդ ընտրությունները:
Հարցերս կարող են անվերջ շարունակվել: Խնդիրն այն է, որ դե-յուրե 1991թ սեպտեմբերի 2-ին՝ 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով լինելով Հայաստանի անբաժանելի մաս, Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել: Իսկ եթե այդպես է, ապա Հայաստանի խորհրդարանում 1991թ սեպտեմբերի 2-ից մինչև 1995թ հուլիսի 5-ը, գործունունեություն են ծավալել թվով 11 պատգամավորներ, որոնք 1991թ սեպտեմբերի 2-ի դրությամբ ունեին կասկածելի լեգիտիմություն և, որոնց դիրքորոշումները՝ քվեարկության տեսքով, էապես ազդել են ՀՀ ԳԽ ընդունած իրավական ակտերի լեգիտիմության վրա: Ստացվում է, որ եթե 1991թ սեպտեմբերի 2-ն իրավաչափ է, ապա ոչ իրավաչափ են դառնում 1991թ սեպտեմբերի 1-ից մինչև 1995թ հուլիսի 5-ը ժամանակահատվածում ՀՀ ԳԽ ընդունած բոլոր իրավական ակտերը, ինչպես նաև կասկածի տակ է դրվում ՀՀ ԳԽ լեգիտիմությունը 1991թ սեպտեմբերի 2-ից մինչև 1995թ հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:
Ասածս այն է, որ 1991թ սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի անկախությունն իրավական կոլապս է առաջացնում:
Իսկ եթե կարճ, ապա Արցախը՝ Հայաստան է և վերջ: