Search
Close this search box.

Ամուլսարի գործով Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, նշել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը. «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու նպատակով»ը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են»,- ասված է եզրակացությունում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:

Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:

Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է. «Ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կառավարելի է»:

Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է բարելավել աղտոտման աղբյուրները և դրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը։

Միևնույն ժամանակ, զեկույցում առկա են նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված առանձին դիտարկումներ որոշ թերությունների և խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենալ Սևանա լճի վրա:

Please enter a valid URL