Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից ստացվել է մեր հարցման պատասխանը, որտեղ ասվում է, որ Հայաստանի կառավարության հետ քննարկվում են նոր սակագներ եւ ցուցանիշներ, ըստ որոնց ԵՏՄ անդամ երկրներ կարելի է ներկրել մեքենաներ այլ երկրներից։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ավտոներմուծողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրներ թույլ կտան ներկրել ավտոմեքենաներ, որոնց տարիքը չպետք է գերազանցի 7-ը, ընդ որում՝ ներկրման մաքսատուրքերը էապես կնվազեն։ «Մեզ ասացին, որպեսզի մենք այս հարցը քննարկենք մեր կառավարության հետ, եւ մենք այդպես էլ արեցինք… Բայց մենք չենք հասկանում, թե ինչու է մեր կառավարությունն այս ամբողջ ընթացքում լռել։
Չէ՞ որ դա հիանալի է։ Այդ հարկային տոկոսադրույքներն այնքան զարմանալի են, որ ես անգամ ձեզ կկարդամ դրանք։ Եվ այսպես, ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից ավտոմեքենաները կներկրվեն եւ կհարկվեն ըստ շարժչի ծավալի։ Մինչեւ 1800 խորանարդ սանտիմետր շարժիչը կհարկվի 0,36 եվրոյով, 1800-3000 խորանարդ սանտիմետրը՝ 0,44 ական եվրոյով, եւ 3000-ից ավելին՝ 0,8-ական եվրոյով։ Սրանք այնպիսի ցուցանիշներ ու սակագներ են, որ 2020-ից մենք, ըստ էության, կկարողանանք մաքսազերծել մեքենաներն ավելի քիչ փողով։
Օրինակ, 2013-2019 թվականների «Toyota Camry» կամ «Hyundai Elantra» մեքենաները մենք կկարողանանք մաքսազերծել 700-800 եվրոյով։ 2500 խորանարդ մետր շարժիչով «Toyota Camry» կկարողանանք մաքսազերծել 1000 եվրոյով։ Բայց հիմա 2015 թվականի թողարկման այդ մեքենայի մաքսազերծումը 4000 դոլար կնստի։ Եթե կան այսպիսի ցուցանիշներ, ինչո՞ւ կառավարությունն այդ մասին չի ասում, հատկապես եթե աշխարհում ամեն բան սկսում է թանկանալ»,- ասել է Հովհաննիսյանը։
Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի հարեւան երկրներում արդեն սկսել են կառուցել ավտոմեքենաների եւ ավտոբուսների հավաքման եւ թողարկման գործարաններ այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է ներկրել հին մեքենաներ չափազանց բարձր հարկային տոկոսադրույքներով։
«Ես ցանկանում եմ դիմել Ռուսաստանի նախագահին խնդրանքով՝ մեր երկիրը դարձնել Կուբայի նման յուրատեսակ տնտեսական կղզյակ: Ես ցանկանում եմ նրան առաջարկել թույլ տալ 10-15 տարվա մեքենաների ներկրումը Հայաստան: Դա թույլ կտա Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ռուսների եւ ղազախների համար, որոնք մեր երկիր են այցելում ավելի էժան փոխադրամիջոց ձեռք բերելու համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա Հայաստանում ավտոշուկայում իրարանցում է առաջացել, եւ քաղաքացիներն ակտիվորեն գնում են հին ավտոմեքենաները, քանի որ կարծում են, որ ապագայում արտասահմանյան ավտոմեքենաների գները զգալիորեն կաճեն:
Նա նաեւ հայտնեց, որ սեպտեմբերի 11-ին 14:00-ին ակցիա են անցկացնելու Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ եւ դիմելու են նշած խնդրանքով: