Սնանկության դատարանում ավարտվեց սնանկության գործով դատական առաջին նիստը՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասով։ Դիմում ներկայացրած «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի փաստաբան Հարություն Հարությունյանը ասաց, որ իր վստահորդ ընկերությունը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ին։
Թեև նրանց միջև 10 տարի և ավել եղել են գործընկերային լավ հարաբերություններ, սակայն հերթական անգամ մատուցած ծառայությունների դիմաց գումարը «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հրաժարվել է վճարել. խոսքը 120 մլն դրամի մասին է։ Քանի որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն բեռնափոխադրումների գործընթացին ներգրավել է նաև այլ ընկերություններին պատկանող մեքենաներ, նա էլ իր հերթին չի կարողանում վճարել նրանց և բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների։
«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանն էլ նշեց, որ իրենք չեն ընդունում ներկայացված պահանջը․ «Չեմ ընդունում հենց այն փաստաթղթի հիմքով, որը վերաբերում է կողմերի միջև կնքված պայմանագրին։ Դիմող կողմը ներկայացրել է փաստաթղթի այն դրույթները, որոնք հնարավորություն կտային ներկայացնել տվյալ դիմումը, այնինչ պայմանագիրն ունի այլ կետեր, ըստ որոնց՝ ներկայումս դիմողը շատ ավելի մեծ գումարներ է պարտք գործարանին, քան հակառակը: Ընկերությունը տարիներ շարունակ ատկատով է զբաղվել, խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է»,- նշեց նա։
Արմեն Օհանյանը փաստացի նշեց, որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն ու նրա ղեկավար Հայկ Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի է «Ղռերի Հայկո» մականունով, միջնորդի դեր են կատարել, որով և խախտվել է կողմերի միջև ստորագրած համաձայնագրի պահանջները, ինչի արդյունքում գործարանը բեռանափոխադրումների համար բավական թանկ է վճարել:
Վերջինս առաջարկեց հրավիրել ևս մեկ դատական նիստ, որպեսզի դիմող կողմը հիմնավորի 120 մլն դրամի պահանջը:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 14:30-ին ՀՀ սնանկության դատարանում՝ դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ։