Search
Close this search box.

Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մի խումբ անձինք հավաքվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրում՝ մինչ այդ միմյանց արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու շուրջ պարզաբանումներ պահանջելու: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994թ., նախապես տեղյակ լինելով տեղի ունենալիք պարզաբանումների մասին, իր հետ վերցնելով հրազեն հանդիսացող ատրճանակ, գնացել է նշված ռեստորանային համալիր և մասնակցել նշված հավաքին: Հավաքը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, որը շարունակվել է համալիրից դուրս՝ Ե. Թադևոսյան փողոցի բանուկ հատվածում, որտեղ 25-ամյա երիտասարդն իր մոտ եղած ատրճանակից բազմաթիվ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 25-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Հիշեցնենք, որ նշված գործով ևս երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից մեկի՝ Երևանի 43-ամյա բնակչի նկատմամբ, հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL