Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ այն պահպանելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ այդպիսի երևույթները սպառնում են խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները:
«Հաշվի առնելով նշվածը և հիմքում ունենալով քրեական ենթամշակույթի բացասական ազդեցության վերացման սոցիալական անհրաժեշտությունը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է նախարարը և հավելել, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել.
ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար.
բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.
գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.
դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:
Առաջարկվում է որպես որակյալ հանցակազմեր նախատեսել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, որոնք կատարվել են.
ա. քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
բ. պաշտոնեական դիրքն օգտագործելով,
գ. զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,
դ. անչափահասի ներգրավմամբ,
ե. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:
Հաշվի առնելով միջազգային փորձը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ տրվել են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների մեկնաբանությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը և բացառելով իրավական որոշակիության սկզբունքի խախտման հնարավորությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) և 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցակազմերի դեպքում դրսևորել է տարբերակված մոտեցում թե՛ ծանրացնող հանգամանքների նախատեսման, թե՛ խրախուսական նորմերի կիրառման դիտանկյունից՝ առաջարկվում է Նախագծով առաջարկվող կարգավորումներին համահունչ, նշված հանցակազմերը լրացնել ծանրացնող նոր հանգամանքներով, ինչպես նաև նախատեսել խրախուսական նորմ բանդայում մասնակցելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձի համար և վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։
Նախարար Բադասյանի խոսքով՝ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:
Միաժամանակ, նշենք, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով, ձեռնարկվելու են գործնական այլ քայլեր, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի դեմ մղել համալիր պայքար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն