Search
Close this search box.

5 մլրդ դրամ է հատկացվել զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով

Կառավարությունը հետևողականորեն գնալու է Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ դա ակնհայտ է բոլորին:

«Մենք հետևողական քայլեր ենք անելու: Իհարկե, բոլոր դեպքերում միշտ պետք է առաջին հերթին այդ քայլերի արդյունավետությունը լինի մեր ամենակարևոր պայմանը: Եվ որոշումներ ընդունելիս պետք է գործնականում տեսնենք՝ ինչ թերություններ են ի հայտ գալիս, որպեսզի շտկենք, որպեսզի լինի առավել արդյունավետ և՛ ծառայությունների պայմանների առումով, և՛ պետական բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետության իմաստով: Այնպես որ, համարձակ պետք է գնալ առաջ, լուծել խնդիրները, լուծումներից հետո վերադառնալ, համոզվել, որ մենք, իրոք, լուծել ենք խնդիրը, ոչ թե նոր խնդիրներ ենք առաջացրել»,- ասաց Վարչապետը:

Կառավարության նիստում ընդունվեց զինծառայողների վարձակալած բնակարանների ծրագրի պայմանների բարելավման նախագիծը, մինչ այս արդեն իսկ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը: Գործադիրը 5 մլրդ դրամ է հատկացրել նաև զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:

Please enter a valid URL