Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիան են իրականացնում բանակում տարբեր ժամանակահատվածներում, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:
Tert.am-ի հետ զրույցում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը նշեց, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունել էր, խոստացել էր, որ գործերը կբացահայտվեն, բայց այսօր էլ դրանց իրական բացահայտման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, չնայած ստեղծվել է մոնիթորինգային հանձնաժողով, գործերը վերաբացվել են:
«Մենք շատ մեծ սպասելիքներ ունեինք, շատ մեծ, սպասում էինք, որ իր հանձնարարությունը շատ խիստ կլինի, բայց եթե ծնողները ստեղ կանգնած են, ուրեմն ոչ մի հարց չի լուծվել: Մեզ անընդհատ ասում էին՝ ձեր գործերը հանձնաժողովում է, հանձնաժողով է ստեղծվել, ուսումնասիրում է Քննչական կոմիտեն ՀԿ-ների հետ: Կոնկրետ իմ որդու գործը իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի մոտ էր, ով բազմաթիվ նյութեր էր խնդրել Քննչական կոմիտեից, ոչինչ չեն տրամադրել, ինքը դուրս եկավ խմբից և հայտարարությամբ հանդես եկավ: Էդ ամեն ինչը հանրության աչքերին թոզ փչելու համար էր, բայց մեր աչքին թոզ չեն կարա փչեն, թող Նիկոլ Փաշինյանը թույլ չտա մեր հույսը մարի, էնպես չի, որ մեզ կարա խաբի»,-նշեց նա:
Ծնողները պատմեցին, որ դիմել են նաև Աննա Հակոբյանին հանդիպելու համար՝ հաշվի առնելով այն, որ նա նաև զինվորի մայր է, իրենց կհասկանա, բայց իրենց գրավոր դիմումին պատասխանել է Նանա անունով ներկայացած աշխատակից, ով ասել է, որ Աննա Հակոբյանը երկրում չի լինելու, բացի այդ, իրենք ֆինանսական հարցերով չեն զբաղվում:
«Բայց տեսեք, ստեղ մի տող փողի մասին գործ կա՞, մենք փող չենք ուզել: Հրաժարվեց ընդունել, գոնե ասեր՝ ցավում եմ, ամեն ինչ կանենք, որ գործերը բացահայտվեն»,-նշեց ծնողներից Նանա Մուրադյանը:
Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանն էլ նշեց, որ դիմել են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ով պատասխանել է, թե նշված գործերն ուսումնասիրում է մոնիթորինգային հանձնաժողովը: Գոհար Սարգսյանի խոսքով՝ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ լինել, քանի որ դրանում ներգրավված անձիք ժամանակին ներգրավված են եղել նշված գործերի վարույթներում:
«Նույնիսկ մի զանգով չեն հետաքրքրվել, թե արդյոք մոնիթորինգային հանձնաժողովը իրավունք ունի ստուգի, եթե քննչական մարմիններում է գործը: Այն էլ այն հանձնաժողովը, որ ես բարձրաձայնել եմ, ասել եմ ՝ հանձնաժողովի նախագահը ՊՆ Քննչական վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն է, որը որդուս՝ Տիգրան Օհանջանյանի գործով եղել է քննիչ, երկրորդ քննիչը, որ կոծկել է, փչացրել է իրեղեն ապացույցները 2007 թ. սկսած: Եթե Տիգրան Օհանջանյանի գործը վերանայի, իր դեմ քրեական գործ է հարուցվելու: Արդեն 12 տարին կլրանա, տղայիս սպանության գործը դեռ նախաքննության փուլում է, մտնում է դատարան, կասեցնում են, վերաբացում, նույնն էլ հիմա: Նորից նույն կարուսելը պտտվում է, չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին չգիտի»,-մանրամասնեց նա: