Search
Close this search box.

Դավիթ Անանյանը՝ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տալու մասին

Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը եւ մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո, աջակցել ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տրամադրելուն։

«Ինչի՞ց նման բան եզրակացրիք։ Ֆինանսների նախարարությունում էլ է եղել։ ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից։ Եվ այդ փաստաթղթերի, վկաների եւ տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման եւ մեղադրանք է առաջադրել։ Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը եւ մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո աջակցել ենք»,- ասաց Անանյանը։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն ՊԵԿ-ի աշխատակիցների վերաբերյալ 2010, 2014, 2016 թվականների տվյալներ է պահանջել, Անանյանը պատասխանեց. «Չեմ ասի ձեզ, հիմա ես հո չե՞մ ասելու՝ ինչպիսի տվյալներ են մեզանից պահանջել, դա նախաքննության գաղտնիության սկզբունք է»։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նրանց ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել։

Please enter a valid URL