Search
Close this search box.

Հայտարարություն. Սպանության նպատակը ՀԱԲ-ը լուծարելն է եղել

Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքաելյանին դավադրաբար սպանել են, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել․ Դատախազությունը ունի քրեական գործը վերաբացելու բոլոր հիմքերը

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 29-ին, դավադրաբար սպանվեցին Գերագույն խորհրդի պատգամավոր Վիտյա Այվազյանը և ազատամարտիկ Գեղազնիկ Միքաելյանը։

Գերագույն խորհուրդը նույն օրը՝ օգոստոսի 29-ին ընդունեց ՀԱԲ-ը լուծարելու վերաբերյալ N Ն-0095-I որոշումը, մեջբերում ենք․

«․․․1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են»:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչու Գերագույն խորհուրդը (հետո արդեն պարզ դարձավ , թե ինչու) առանց նախաքննության և դատարանի վճռի, կոպիտ կերպով խախտելով անմեղության կանխավարկածը, սպանությունների համար մեղավոր նշանակեց ՀԱԲ-ին , փորձենք վերլուծել առկա փաստերը։

Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվում է, որ Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը ՀԱԲ-ի շտաբ են ժամանել միջադեպ պարզաբանելու նպատակով։

Իսկ ահա տեսեք, թե տարիներ անց միջադեպի մասին ինչ է պատմում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը։

2013 թվականին lragir.am կայքին տված հարցազրույցում Վազգեն Մանուկյանը ասել է հետևյալը ․

«Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: ․․․ ( Lragir.am, 16 հունիսի, 2013):

Հիմա փորձենք համեմատել․

Գերագույն խորհրդի որոշման տեքստում գրված է․

«Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը․․․»

Վազգեն Մանուկյանը հարցազրույցում նշել է․

«Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան․․․ » ։

Փաստորեն, այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը խոստովանում է, որ ինքը ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել, այսինքն Գերագույն խորհրդի որոշման մեջ առկա տեղեկությունը այն մասին, որ «․․․ ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից․․․» կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Հարց է առաջանում, թե ինչ նպատակով է Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվել , որ միջադեպը պարզաբանելու համար ժամանած պատվիրակությունը գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից, եթե դեպքից 23 տարի անց Վազգեն Մանուկյանը խոստովանել է, որ ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել։

Հիմա հաջորդ հարցը․ եթե Վազգեն Մանուկյանը ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել, ապա արդյո̉ք Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը տեղյակ են եղել, որ ՀԱԲ-ի շտաբը գրավելու որոշում է կայացվել և իրենք ակամայից մասնակցում են ռազմական գործողության․ իհարկե տեղյակ չեն եղել, և վերջին հաշվով, ինչու պետք է ՀԱԲ-ը կրակեր բանակցության եկած Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի վրա, որոնք շատ մտերիմ հարաբերություններ ունեին ՀԱԲ-ի ղեկավարների հետ։

Իսկ պատասխանը հետևյալն է․ Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը դավաճանաբար սպանվել են այլ վայրում և նրանց դիերը բերվել են ՀԱԲ-ի շտաբի տարածք, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և մոտիվացվի ՀԱԲ-ի լուծարումը, և սա հայտնի է բոլորին։ Դա սադրանք էր ՀԱԲ-ի դեմ։ Այս մասին բազմիցս հայտարարել են ՀԱԲ-ի

ղեկավարները, ինչպես նաև Վիտյա Այվազյանի ծնողները և գործին առնչված բազմաթիվ մարդիկ (տես <<Ռազմիկ Վասիլյան>> ֆեյսբուքյան էջի տեսանյութերը):

Ավելին, Վիտյա Այվազյանի ծնողները բազմիցս հրապարակային մեղադրել են ՀՀՇ-ին՝ Վիտյա Այվազյանին սպանությունը կազմակերպելու մեջ (Տես հետևյալ հղումով` https://www.facebook.com/317232135137134/videos/688636474663363/ 15:50 վայրկյանից ) ։

Վիտյա Այվազյանի ծնողները՝ Վորոշ Այվազյանը և Կիմա Ավագյանը շատ մտերիմ հարաբերություններ ունեին ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հետ, քանի որ համոզվել էին, որ ՀԱԲ-ը որևէ կապ չունի իրենց որդու սպանության հետ։

Վիտյա Այվազյանի ծնողները մասնակցել են նաև ՀԱԲ-ի կազմավորմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը (Տես հետևյալ հղումով` (https://www.facebook.com/317232135137134/videos/853055598221449/

Դեպքից 23 տարի անց Lragir.am կայքին Վազգեն Մանուկյանի տված հարցազրույցը ՀՀ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով պետք է համարի նոր երևան եկած հանգամանք և վերաբացի Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանության գործը, պարզելու համար, թե ինչու են միմյանց հակասում 1990 թվականի օգոստոսի 29-ին ընդունված ՀՀ Գերագույն խորհրդի N Ն-0095-I որոշումը և Վազգեն Մանուկյանի հարցազրույցում տրված պարզաբանումները։

Պետք է նաև հաստատել կամ հերքել այն վարկածը, համաձայն որի Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանությունը կազմակերպել են ՀՀՇ ղեկավարները՝ որպեսզի հանրային դժգոհության ալիք առաջանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել ։

Պետք է վերջապես բացահայտել Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանության իրական մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությամբ։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում տարածել այս հայտարարությունը։

ՀԱԲ-ի մի խումբ ազատամարտիկներ

Please enter a valid URL