Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը:
Մասնավորապես, Интерфакс-ը, RBK-ն, Коммерсантъ-ը հոդված են հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա ճեպազրույցի և ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին, ըստ որի՝ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը: Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել: «Գագիկ Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նախկին պաշտոնյային են պատկանում նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող ընկերություններ: Խաչատրյանը վերջին՝ ավելի քան 15 տարում Հայաստան շոկոլադ ներկրողներից է։ Նրան է պատկանում ուկրաինական «Ռոշեն» քաղցրավենիքի՝ Հայաստան ներմուծող ընկերությունը։
2011 թվականին Գագիկ Խաչատրյանը, 200 միլիոն եվրոյով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադի գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն նախկին պաշտոնյան վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է նրա որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում են արտադրվում հանրահայտ «Մոցարտ» շոկոլադե կոնֆետները։
Խաչատրյանին է պատկանում մի քանի հարյուր հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, Գագիկ Խաչատրյանի ընտանիքին է պատկանում նաև «Ucom» ընկերությունը»,- նշել է ռուսական լրատվամիջոցը: