Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Հրապարակվել են մեղադրյալների նախաքննական ցուցմունքները։
Կարեն Քոչարյանը պայմանավորվել է, որ ավտոբուսի վարորդին զգուշացնեն ներկոտ թղթադրամների մասին, սակայն «չմանրանան»՝ չասեն, թե թղթադրամները ով և ում է ուղարկում:
Ըստ Կարեն Քոչարյանի՝ ինքը նախկինում էլ մոսկվայաբնակ Մարատից բանկային փոխանցումով ստացել է 7 հազար դոլար ու փոխանցել է Սամվել Բաբայանին:
Մնացած երեք ամբաստանյալները՝ Դավիթ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Ժորա Զաքարյանը նշել են, որ չեն իմացել՝ ներկված թղթադրամները ով է տվել Կարեն Քոչարյանին, նրանք այդ թղթդրամների ու Սամվել Բաբայանի առնչության մասին ոչինչ չեն իմացել:
Փողերի լվացման դրվագով Սամվել Բաբայանը առանձին չհարցաքննվեց, դատարանը նրան կհարցաքննի միանգամից երկու դրվագներով:
Սամվել Բաբայանը հարցրեց՝ եթե գործը անվանում են «Սամվել Բաբայանը և մյուսները», իրեն բոլորից հետո՞ են հարցաքննելու:
Նախագահողը նշեց, որ նախատեսում է, իրոք, Սամվել Բաբայանին հարցաքննել վերջում, բայց հաջորդ դատական նիստում հարցաքննության հերթականությունը կարող են որոշել նաև իրենք՝ այդ դրվագով մեղադրվող ամբաստանյալները՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը:
Նիստի սկզբում դատարանը մեկ անգամ ևս ունկնդրեց Սամվել Բաբայանի ու Սանասար Գաբրիելյանի հեռախոսազրույցը, որտեղ Գաբրիելյանը Սամվել Բաբայանին դիմում է՝ «գեներալ», իսկ դատարանում նրան անվանեց «կամանդուշչի»:
Սամվել Բաբայանը հիշյալ խոսակցության մեջ Սանասարին ասել էր. «Կարաս մի հատ չխկցնես, բերես ցույց տաս»: Այս խոսակցությունը «Իգլայի» դրվագով մեղադրանքի ապացույցներից է:
Սամվել Բաբայանը հայտարարեց, թե այդ խոսակցությունն ամբողջովին ձայնագրված չի, որովհետև չի հասկացվում՝ ի՞նչը պիտի «չխկցներ» Սանասարը: «Միտք չկա ասվածի մեջ»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին։ Այդ օրը կհարցաքննվեն Սամվել Բաբայանը և ամբաստանյալներից երկուսը։