«Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշենք, որ նա քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր կերպով սպանությունը եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք իրացնելը։
Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալին՝ սպանության մեջ օժանդակողին, Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նա կալանավորվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է՝ շահադիտական դրդումներով սպանությանն օժանդակելը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկ»-ի դին։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալների համաձայն՝ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա մի տղամարդ։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ ՌԴ քաղաքացին այս տարվա մայիսին մեկ շաբաթով եղել է Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում է եղել նաև սպանությանն օժանակելու մեջ մեղադրվող անձը: Եվ նրանք մի քանի անգամ հանդիպել էին:
Դրանից հետո, 1 օրվա տարբերությամբ նրանք վերադարձել են ՌԴ: Հունիսին, օրերի տարբերությամբ, կրկին եկել են Հայաստան, և օրեր անց տեղի է ունեցել սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքել են Հայաստանը:
Հանցագործության բացահայտման շրջանակներում ռուս գործընկերների հետ համագործակցելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մեկնել է ՌԴ: