Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը, հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Միսկարյանը:
Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
Տարոն Թունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա Տավուշի մարզի Արճիս գյուղն է,որտեղի թոռ եմ նաև ես։Դեռ մանուկ հասակից հիշում եմ,որ գյուղացիները խմելու ջրի համար կիլոմետրերով տարաները ձեռքներին իջնում էին «Անցը» (ձորակ է գյուղի ներքևի մասում, որտեղ խմելու ջուր կա) ու նույն ճանապարհն էլ լիքը տարաները ձեռքներին հետ բարձրանում։
Տասնամյակներ են անցել էն օրերից, բայց հարցը դեռ լուծված չի։
Նկարում Արճիս գյուղի երեխաներն են, ովքեր նույնպես արժանավայել ապրելու իրավունք ունեն։
Արճիսը առողջարանային քաղաք չի, որ հազար տեսակ շահ լինի,բայց այստեղ նույնպես լույսի պես երեխաներ են ապրում՝ՀՀ քաղաքացիներ։
Այսօր նրանք ծնողների հետ միասին բողոքն արտահայտելու նպատակով փակել են Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհը, որով պատկան մարմինների և մեր բոլորիս ուշադրությունն են հրավիրում հարցին»։