Այսօր ապրիլյան քառօրյա հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է: Ադամն այսօր կդառնար 23 տարեկան:
Քառօրյայի հերոսը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի և շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում։
2002 -2013 թթ. սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը: Ադամը նաև զբաղվել է մարտարվեստի տարբեր տեսակներով, այդ թվումч բոքսով և կարատեով, ունի դեղին գոտի:
Պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Կենտրոնի զինկոմիսարիատից։ 2015 թ-ի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ, ծառայել ԼՂՀ-ում:
Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում:
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալա Լագա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում:
Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին:
2016 թվականի սեպտեմբերի 1-ին 114 դպրոցում, որտեղ սովորել է Ադամը, բացվել է նրա անունը կրող դասասենյակ:
Այսօր նաև կլրանար ապրիլյան քառօրյայի հերոս Գևորգ Վարդանյանի 23-ամյակը:
Գևորգը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում: 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ, եղել է ընտանիքի միակ զավակը։ Այնտեղ է մեծացել, դպրոց գնացել, իսկ չափահաս դառնալուն պես վերադարձել` ծառայության անցնելու համար:
Քառօրյա պատերազմում Գևորգը ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են Թալիշում մղած մարտերի ժամանակ։