Ներկայումս Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունն է քննարկվում: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում եւ հիմա քննարկվում է, իսկ մնացած բովանդակային հարցերի հետ կապված ասել եմ, որ չափորոշիչներ ու ծրագրեր են մշակվում, ավելի երկար պրոցես է », — ասաց նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք Մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ են կապված անհամաձայնությունները, նախարարն պատասխանեց, որ «ե՛ւ Մարտի 1-ի, ե՛ւ ընտրությունների հետ կապված, եւ քաղաքական գնահատականների հետ կապված»:
Դիտարկմանը, թե իրադարձություններն այլ կե՞րպ են ներկայացված գրքերում, եւ հիմա խնդիր կա այլ ձեւով ներկայացնելու, նախարարն ասաց, որ նման խնդիր կա եւ ինքն առայժմ թույլ չի տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության:
Նախարարը նշեց, որ վիճելի ձեւակերպումներ կան դասագրքերում, սակայն չմանրամսնեց, թե որոնք են դրանք` պարզաբանելով, որ դեռ հանձնաժողովը եզրակացություն չի տվել:
Հարությունյանը նշեց, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա.
«Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ կիսամյակում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչեւ կհասնեն այդ թեմաներին»,-ասաց նա` նշելով, որ նույնիսկ ինք:
Նախարարը հավելեց, որ քանի դեռ Մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա եւս խնդիր է առաջացնում այդ թեման գրքերում ներառելու հետ կապված:
«Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: Հնարավոր այնպես լինի, որ մենք կիրառենք այդ փորձը», — նշեց Հարությունյանը: