Ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Այս մասին ասաց Ռոբերտ Մանուկյանի փաստաբան Վահե Դանիելյանը:
Փաստաբանի խոսքով`Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները անհամաչափ ուժ կիրառելով,հարկադրաբար,բռնություն կիրառելով տարել են ոստիկանական բաժանմունք,որտեղ ևս շարունակել են ծեծի ենթարկել:
Վահե Դանիելյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան և արդեն դիմել է ՄԻՊ:
Հիշեցնենք`ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին 1976 թվականին ծնված տղամարդը,, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի` այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: