ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը.
Դեռևս 2019թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ նախորդ օրը ՀՀ ոստիկանությունում, դատավորի շահերի ներկայացուցչի տված հաղորդումը՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հաղորդմամբ պաշտպանը վիճարկել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնիքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին:
Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հարկ եմ համարում ընդգծել, որ ԲԴԽ հայտարարության լույսի ներքո նկատի ունենալով, որ հնարավոր է՝ սույն որոշումը բողոքարկվի վերադաս դատախազին, ներկա պահին ձեռնպահ ենք մնում այս առնչությամբ որևէ մեկնաբանություն անելուց կամ դիրքորոշում արտահայտելուց:
Ինչ վերաբերում է ԲԴԽ հայտարարությամբ նշված այն հանգամանքին, որ միջնորդություն է ներկայացվել՝ ձեռնարկելու օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, ապա նման փաստաթուղթ ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել և առայժմ տեղեկացված չենք, թե ինչին է վերջինս վերաբերում»: