Search
Close this search box.

Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում. Գագիկ Համբարյան

Հուլիսի 29-ին ԶԼՄ-ները տարածեցին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործությունների հետ կապված քրեական գործերը ՀՔԾ ուղարկելու վերաբերյալ…Տարրական զարմանք հարուցեց այդ հաղորդագրության բովանդակությունը, որը բացահայտ միակողմանի է՝ պաշտպանում է ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին և նրա ֆան-ակումբին, քանի որ տեքստում երկար-բարակ շարադրված մտքերի մեջ որևէ ակնարկ չկա նախկին ռեկտորի կողմից գործած չարաշահումների մասին…
Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցը լավ կլինի բացատրի, թե ինչու՞ որևէ ակնարկ չկա այն մասին, թե ինչպես է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցել իրավագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա և այլ մասնագիտություններով… Ինչու՞ չի բացահայտվում գրադարանի 15 տոննա գրքերի ապօրինի ոչնչացման վերաբերյալ կեղծ փաստաթղթերի տրամադրման դեպքը, երբ ԿԳՆ հանձնախմբին ՇՊՀ պաշտոնյաները տրամադրում են փաստաթուղթ, ըստ որի, գրքերը մակուլատուրա են հանձնվել 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին, իսկ քննչական մարմիններին մի այլ փաստաթուղթ է ներկայացված, որ գրքերը մակուլատուրա են հանձվել 2017 թ-ի հուլիսի 7-ին… Ինչու՞ դատախազությունը չի ակնարկում այն մասին, թե ինչպես կարելի է բուհի դահլիճի միայն վերանորոգման վրա ծախսել 100 միլիոն դրամից ավել գումար, երբ 2018 թ-ի նոյեմբերին հատուկ հանձնախումբ ժամանեց ՇՊՀ` ապրանքագիտական փորձաքննություն անցկացնելու և բանավոր ինձ խոստացան արդյունքները հրապարակել 2019 թ-ի ապրիլին, ինչին մինչև հիմա սպասում ենք…

Ինչու՞ պարոն Դավթյանը և նրա ենթակաները մինչև հիմա չեն բացահայտում այն հանցագործությունը, թե ինչպես է նախկին ռեկտոր Ս.Մինասյանը բուհում աշխատանքի որպես վարորդ ընդունել Ավագ Ռուշանյանին, որի անունը հաստիքացուցակում չի եղել (փաստն արձանագրված է ԿԳՆ-ի 2017 թ-ի ՇՊՀ-ում անցկացված ստուգումների հիման վրա կազմված արձանագրության մեջ)… Շատ դժվար էր, պարոն դատախազ, պարզել թե իրականում որքա՞ն արժեք ունի Մինասյանի կողմից 14 միլիոն դրամով գնված դիզելային գեներատորը, որն, ըստ Գյումրիում պտտվող լուրերի, մի քանի անգամ էժան է և եղել է նույն Մինասյանի սեփականությունը…
Պարոն Դավթյանի գերատեսչությունը հաղորդագրություն տարածելուց «մոռացել» է նաև հիշատակել ՊԵԿ-ի կողմից ՇՊՀ-ում հայտնաբերված խայտառակ փաստն այն մասին, որ նախկին ռեկտորը բուլկու և կարկանդակի ապօրինի արտադրամաս է բացել ՇՊՀ-ում և մեծ ֆինանսական վնաս հասցրել բուհին…

Դատախազությունը մինչև հիմա չի կարողանում պարոն Մինասյանից պարզել, թե ինչի՞ համար է վերջինս նախահաշվով նախատեսնված 1,5 միլիոն դրամի փոխարեն 6 միլիոն դրամ փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին…
Մինչև հիմա օրինապահները թաքցնում են այն ապօրինությունը, թե ինչպես կարող էր բուհի ռեկտորը տարկետման իրավունքից օգտվող 7 տղա ուսանողների դուրս թողնել ՇՊՀ-ից՝ կոպտորեն խախտելով Բարձրագույն կրթության մասին օրենքը…
Ինչու՞ դատախազությունը քննություն չի անցկացնում նախկին ռեկտորի 2017 թ-ի ֆինանսական հաշվետվության հետքերով, ինչի հետևանքով բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմել է 242 273 000 դրամ, որը հանցագործություն է, քանի որ այն չպետք է գերազանցեր բուհի բյուջեի 10 տոսկոսը, այնինչ կազմել է 20 տոկոսից ավելի…
Պարոն Դավթյան, ինչպե՞ս կարող էր Հայաստանից բացակայող բուհի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսից գտնվում է ԱՄՆ-ում, 2018 թ-ի հունվարին հայտ ներկայացնել և մրցույթի մասնակցել ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում, իսկ այդ ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամներ հաղթած անձինք տարրականորեն կեղծել են անձնական տվյալները հայտերը ներկայացնելուց…
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ էին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից գործած անօրինականություններից և հանցագործություններից… Կարող եմ բազմաթիվ այլ հանցագործությունների և անօրինականությունների փաստեր ևս ներկայացնել… Ինչու՞ մինչև հիմա այս վաղուց բացահայտված հանցագործությունները չեք բացահայտել, և ինչ կապ ունեն այս գործերը ՀՔԾ-ի հետ, երբ հանցագործություն գործած անձինք՝ նախկին ռեկտորն է և նրա ֆան-ակումբի բազմաթիվ անդամներն են…
Պարոն Դավթյան, սա՞ է Ձեր արդարադատությունը, որից նախորդ վարչակարգի «հովանավորչության» հոտն է գալիս… Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո մտածում է, որ նա «Նոր Հայաստան» է կառուցել… Ո՛չ, մենք շարունակում ենք ապրել «Հին Հայաստանում», որի շատ ներկայացուցիչներ, գունափոխվելով,դավաճանելով նախկինններին և ճարպկություն ցուցաբերելով, հայտնվեցին Փաշինյանի թիմում՝ շարունակելով իրենց հանցավոր և գաղջ հովանավորչական գործունեությունը՝ պաշտպանելով նախորդ իշխանությունների օրոք բազում հանցագործություններ գործածներին…

Հ.Գ. Ի դեպ, 2018 թ-ի հետհեղափոխական ամռան արձակուրդները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել էր իր հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, և Գյումրիում այդ ժամանակ բավականին ակտիվ խոսակցություններ էին տարածվում այն մասին, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը մի քանի անգամ հյուր է գնացել ՀՀ գլխավոր դատախազին… Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա զարմանալի չէ ՀՀ գլխավոր դատախազության տարածած ՇՊՀ-ին վերաբերող միակողմանի և բուհում տեղի ունեցող գործընթացներին լավ ծանոթների համար նողկանք առաջացնող այդ հաղորդագրության պատճառները…
Նման մոտեցմամբ թույլ եք տալիս, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինություններն առ այսօր շարունակվեն համալսարանում…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL