Search
Close this search box.

Ցմահ դատապարտյալի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Նոր Հայաստանում վերջապես հեղափոխությունը հասավ դատարաններ։ Թերեւս դատավորները կաշկանդված չեն իրենց որոշումներում եւ իշխանության կամակատար չեն դառնում։ Քավ լիցի մտադրություն չունեմ գովաբանելու որեւէ մեկին, բայց դե արդարացի որոշումներին անդրադառնալ չեմ կարող։ Դատարաններում կարծես մի չգրված կանոն կար՝ մերժել ցմահ դատապարտյալներին, ինչը կապված է նրանց պայմանական վաղաժամկետ ազատման հետ։ Եվ ահա Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը կոտրեց այդ կարծրատիպը։ Առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաննները մերժեցին պատժի կրումից ինձ պայմանական վաղաժամկետ ազատել։ Վճռաբեկ դատարանը մերժեց գործը ընդունել վարույթ։

Ըստ «Արմավիր» ՔԿՀ-ի ինձ նորից վաղաժամկետ ազատման կարող էին ներկայացնել 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։ Բողոքարկեցի այդ որոշումը եւ մանրամասների մեջ չխորանալով՝ Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ դատարանն որոշեց բողոքս բավարարել, «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմին պարտավորացնել իմ իրավունքների եւ ազատությունների խախտումները՝ ընթացք տալով ինձ պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկմանը։ Ու արդեն հիմնարկի վարչակազմը ինձ կրկին ներկայացրել է վաղաժամկետ ազատման։ Ասել է թե՝ հնարավորինս մոտ է այն ժամանակը, երբ 25 տարվա բանտարկությունից հետո կվայելեմ ազատության շունչը։ Իհարկե, երիցս ճիշտ է այն խոսքը՝ որ ազատության ճանապարհը փշոտ է ու դժվար, սակայն Հրաչիկ Սարգսյանի նման սկզբունքային եւ անկաշկանդ դատավորների դեպքում այդ ճանապարհը բոլոր դատապարտյալների համար փոքր-ինչ կհեշտանա։

Ստեփան Գրիգորյան, «Արմավիր» ՔԿՀ, ցմահ դատապարտյալ

Please enter a valid URL