«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Եվ հետաքրքիր է, որ հաճախ խոսում եւ քննադատում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ եւ ըստ էության ոչ մի կերպ չեն խոչընդոտել:
Եվ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն այս իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները:
Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել եւ ամփոփել են կարծիքները ու փաթեթը` սահմանված կարգով ներկայացրել կառավարություն: Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը` Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:
Ինչպես հայտնի է` հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Սակայն այս մասով դեռեւս նորություն չկա:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան նախարարությունից նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ եւ հույս հայտնեցին, որ երկու երեք ամսից ավել չի տեւի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում