Այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Մ. Գրիգորյանի նկատմամբ իրականացվող խոշտանգման և, նրա խոսքով, ընտրովի արդարադատության պատասխանը վաղը Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին է վիճարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Դատական իշխանությունը, գտնվելով գործադրի կոշիկի տակ, ոչ միայն չի նպաստում երկրի զարգացմանը, այլ խնդիրներ է ստեղծում ՄԻԵԴ-ում։ ՄԻԵԴ-ն այսօր անդրադառնում է տարիներ առաջ մարդու իրավունքների խախտումների գործերով բազմաթիվ հայցերի: Դրանք, որպես կանոն, այն գործերն են, երբ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացրել, որը տեղի է ունենում նաև այսօրվա Հայաստանում»- ասել է պաշտպանը:
Նա նաև նշել է, որ օրերս Մանվել Գրիգորյանը հերթական հետազոտությունն է անցել, և արձանագրվել է ավելի բացասական դինամիկա:
«Մանվել Գրիգորյանի գործով վաղը կայանալիք նիստին պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է պատրաստվում ներկայացնել: Եթե դատարանը նորից մերժի այն, բոլոր փաստաթղթերը կրկին կուղարկվեն ՄԻԵԴ»: