Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան: Նշվում է, որ պաշտոնյան ցանկանում էր ապամոնտաժել նրա նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը, հայտնում է newtimes.kz-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ հարյուրավոր ականատեսների աչքի առաջ:
Յակաբագի շրջանի ղեկավարի շինարարության հարցերով տեղակալը մոտ 20 մարդու ուղեկցությամբ մոտեցել է բուլդոզերին, նստել դրա ղեկին, երբ վարորդը հրաժարվել է նրա ցանկությունը կատարել, և այն ուղղել խանութի կողմը:
Ձեռնարկատերը խնդրել է չապամոնտաժել իր խանութը, քանի որ դեռ իրեն նյութական փոխհատուցում չեն տվել, սակայն տեսնելով, որ իր խնդրանքն ուշադրության չի առնվել, բենզին է լցրել պաշտոնյայի վրա ու հրկիզել նրան: Ներկաները կարողացել են մարել կրակը, պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց:
Գործարարը ձերբակալվել է:
Որոշ ականատեսներ պատմել են, որ պաշտոնյան վերջին մի քանի ամիսներին «դժոխք է դարձրել» Յակաբագի շրջանի բնակիչների կյանքը՝ նրանց տներից հանելով ու տներն ու խանութները գետնին հավասարեցնելով, ինչն էլ լցրել է բնակիչների համբերության բաժակը: