Երեք տարի առաջ՝ 2016 թ. հուլիսի 26-ին, ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանը ճեղքեց զինված ու բարիկադավորված ոստիկանության շղթան եւ հաց հասցրեց ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռեր ապստամբ խմբավորման անդամներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արթուր Սարգսյանը, փաստորեն, երկրորդ անգամ, այն էլ՝ միայնակ, գրավեց ՊՊԾ գունդը՝ մեկ անգամ եւս ցույց տալով, որ փտած համակարգը հոգեվարքի մեջ է:
Արթուր Սարգսյանին ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ եւ սիրեց ու ընդունեց որպես մեր ժամանակների հերոսի, իսկ Հուլիսի 26-ը սահմանեց որպես Հաց Բերողի օր:
Հաց Բերող Արթուր Սարգսյանն արտահայտում էր մեր ամբողջ ժողովրդի՝ ազգադավ եւ բռնակալ ռեժիմից ազատագրվելու եւ արժանապատիվ կյանքով ապրելու կամքն ու իղձերը:
Եվ, ըստ այդմ՝ նա իր անօրինակ սխրանքով վերահաստատեց ոչ միայն ապստամբության բնական իրավունքի կենսունակությունը, այլեւ Սասնա Ծռեր խմբավորման սկսած ապստամբության անհրաժեշտությունն ու լեգիտիմությունը:
Արթուր Սարգսյանը չմնաց սոսկ որպես հանուն Հայրենիքի ու մարդասիրության իր կյանքը զոհասեղանին դնող մի նվիրյալ, այլեւ միացավ ապստամբներին եւ դարձավ նրանցից առաջինն ու ամենավեհը:
Ազգադավ ու բռնակալ ռեժիմը, չնայած կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություններին, չհաշտվելով իր համակարգը քանդող նրա արարքի եւ նրա նկատմամբ համաժողովրդական սիրո դրսեւորման հետ, վրեժի եւ ոխակալության ստոր դրդումներով երկու անգամ կալանավորեց եւ տեւական ժամանակ բանտում պահեց նրան: Երկրորդ կալանավորման դեմ բողոքի երկարատեւ հացադուլից հետո նա ազատվեց կալանքից, սակայն նրա հյուծված օրգանիզմն այլեւս չկարողացավ դիմակայել սրացած հիվանդություններին եւ 2017 թ. մարտի 16-ին Արթուր Սարգսյանը մահացավ:
Ռեժիմին հեռացնելուց եւ Հաց Բերող Արթուր Սարգսյանի հերոսության եւ հիշատակի առաջ հրապարակավ խոնարհվող իշխանության հաստատումից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն Արթուր Սարգսյանին տանջամահ արած մարդիկ դեռեւս անպատիժ են:
Հաց բերողին կալանավորելու եւ տանջամահ անելու հանցագործության գլխավոր պատասխանատու եւ պատվիրատու Սերժ Սարգսյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, նրա երկրորդ կալանավորումը ջանադրաբար հիմնավորող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, Սասնա Ծռերի գործով քննչական խմբի պետ Էդիկ Հակոբյան, դատավորներ Արթուր Մկրտչյան եւ Կարինե Ղազարյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան՝ սա դահիճների ոչ լրիվ ցանկն է, մնացածին պետք է բացահայտի եւ պատասխանատվության կանչի անաչառ քննությունը:
Դրա փոխարեն ծածկադմփոցի նպատակով հարուցվել եւ մինչ օրս իբրեւ թե քննվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով նրան անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ անհեթեթ քրեական գործ, որն ակնհայտորեն չունի արդարադատության հասնելու որեւէ հեռանկար:
Մինչդեռ թվարկվածներից Արթուր Դավթյանը, Էդիկ Հակոբյանը եւ պատվեր կատարող դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին՝ նրանցից ոմանք նույնիսկ պարգեւներ են ստանում հեղափոխական կոչվող իշխանության ձեռքից եւ վայելում են նրա բարեհաճությունը:
Հաց Բերողին մահվան հասցնելու գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը եւ բոլոր մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը իրավունքի, ժողովրդավարության, արդարության, մարդասիրության եւ հեղափոխության նպատակների ու արժեքերի նկատմամբ ներկայիս իշխանության հավատարմության ամենաակնառու փորձաքարերից մեկն է:
Անսահման սիրով եւ անհուն կարոտով խոնարհվում ենք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի եւ Հաց բերելու օրվա խորհրդի առաջ: Համոզված ենք, որ անկախ ներկայիս իշխանության քայլերից, Հաց Բերողի եւ մեր ժողովրդի բոլոր դահիճներն ու պետականության թշնամիները ոչ ուշ ապագայում կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ: