«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրեր առաջ խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի (Արտյոմ Հարությունով) բնակարանը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Կանեւսկոյը:
Իրավապահները Կանեւսկոյի բնակարանը խուզարկել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը մեր զրույցում ասաց, որ դատարանի որոշման մեջ նշվել է, որ Հարությունովի բնակության վայրում կարող են պահված լինել Մուրադյանի, Հովհաննիսյանի եւ Արզումանյանի կողմից ենթադրաբար նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերված զենքը եւ ռազմամթերքը: «Հարությունովը ընդհանրապես նրանց չէր ճանաչում, որեւէ կապ, առնչություն երբեւէ իրենց հետ չէր ունեցել, որեւէ հեռախոսային խոսակցություն չէր եղել: Իրար հետ կապող որեւէ բան չկար»,- ասաց էլբակյանը՝ հավելելով, որ վերը նշված անձինք հեռախոսային խոսակցություն են ունեցել, գաղտնալսվել են, որի ժամանակ խոսել են զենք-զինամթերքի մասին:
Վարդուհի Էլբակյանն ասաց, որ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են Կանեւսկոյի ազգականի օրինական զենքերը:
Խուզարկությունից հետո Արտյոմ Կանեւսկոյը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ բացատրություն է տվել:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: