ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
« ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի ապրիլին։ Ապրիլի 7-ին ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքում, որի մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են եղել: Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել: