ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։
«Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։
Նախնական տվյալներով՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016 թվականների ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1․170․000 դրամը չի տրամադրել բնակիչներին ու յուրացրել է։ Բացի այդ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձևական մրցույթ է հայտարարել և փաստացի իրեն պատկանող 7․000․000 դրամով գնած «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին, շուկայական արժեքից թանկ՝ 10․400․000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։ Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական՝ շուրջ 3․400․000 դրամի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության»,- ասված է հաղորդագրությունում: