2018 թվականին ՀՀ դատախազության աշխատողի օրվա առիթով Գլխավոր դատախազությունը 10 միլիոն դրամի կրծքանշան է ձեռք բերել: Ընդհանուր առմամբ գնվել է 500 կրծքանշան, յուրաքանչյուրի համար վճարվել է 20 հազար դրամ:
Կրծքանշանները Գլխավոր դատախազությանը 2018 թվականին մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է բաց աղբյուրներից:
«ՀՀ դատախազության 100 ամյակ» անվանական կրծքանշանի տեխնիկական բնութագրի բաժնից Factor.am-ը տեղեկանում է, որ այն բաղկացած է երեք շերտից՝ գալարապտույտ պսակից, ՀՀ դատախազության խորհրդանիշից և ՀՀ զինանշանից: Գալարապտույտ պսակը ոսկեպատված է բարձր հարգի ոսկով:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս թանկարժեք գնումը Գլխավոր դատախազությունը կատարել էր թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց: Այս տարի արդեն՝ 2019 թվականի հուլիսի 1-ին, Գլխավոր դատախազությունը մասնագիտական տոնը նախորդ տարվա համեմատ համեստ է տոնել:
Մասնավորապես, գերատեսչությունը ձեռք է բերել 18 կրծքանշան, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 7785 դրամ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 140 հազար դրամ:
Այս տարի կրծքանշանները ևս մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը: 2019 թվականի միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 885 հազար դրամ: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցում են Գլխավոր դատախազությունից:
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե որ կազմակերպությունն է ծառայությունը մատուցել, ինչի մասին, սակայն, Դատախազությունը տեղեկություն չի տրամադրել:
© factor.am