Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին մեկ ծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը դադարեցնել, երկուսի նկատմամբ կիրառել՝ «խիստ նկատողություն», իսկ յոթի նկատմամբ՝ «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը: