Search
Close this search box.

Իրականացվելու է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են փոփոխություններ, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Մասնավորապես՝ այսուհետ հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվելու է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:

Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (անդ թվում VARIAN սարքով) պետական պատվերի շրջանակներում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես` առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը 7 տարեկանից բարձացել է մինչև 18:

Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար պետական պատվերով անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:

Առողջապահության նախարարի հրամանով վերանայվել և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝  մեկ սեանսի համար 3 550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքով  բուժման դեպքում՝ 9 500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13 500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը՝ 9 000-ից  դարձել է 18 800 ՀՀ դրամ:

Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի  որակի վրա:

Please enter a valid URL