ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր չէր ներկայացել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին` առողջական վիճակից ելնելով։ Այս մասին դատավարության մասնակիցներին տեղեկացրեց գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` վկայակոչելով «Նաիրի» ԲԿ-ից ստացված գրությունը։
Բացի այդ դատավորը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը դիմել է դատարանին, նշելով, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է, որ Հրանտ Կարապետյանին լիազորագիր տրամադրվի, որպեսզի վերջինս իր անունից հանդես գա Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարանում իրեն ներկայացնելու համար։ Դատարանը բավարարեց դիմումը։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։