Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ «Տաշիր» ընկերության խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել։
Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթումը։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ 2019 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989թ. ծնված տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:
Նույն օրը բուժօգնության դիմած քաղաքացին հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, բռնության է ենթարկվել 1990թ. ծնված երիտասարդի և նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ հուլիսի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, նույն երիտասարդը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի են ենթարկել, սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափերի գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: 30-ամյա տղամարդը և նրա ընկերը ճանաչվել են տուժող:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատատեսաձայնագրային փորձաքննություններ, կատարվել առերեսումներ:
Օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:
Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, երիտասարդը, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ: