Search
Close this search box.

Փողերի լվացման աղմկահարույց գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք

«Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ:

Փաստինֆո-ի տեղեկացմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, և դատապարտվել 13 տարվա ազատազրկման`ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.000.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից:

Պաշտպանը վերաքննիչ բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արա Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ և արդարացնել` ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը: Միաժամանակ պաշտպանը միջնորդում է Արա Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկում կամ մի քանիսում չարդարացնելու դեպքում այդ հոդվածով (հոդվածներով) առաջին ատյանի դատարանի դատավճռով սահմանված պատիժը մեղմացնել:

Վերաքննիչ քրեական դատարանը բողոքի քննությունը կսկսի հոկտեմբերի 13-ին:

Please enter a valid URL