Search
Close this search box.

«Կոկորդը կտրված էր, ձեռքերը կտրտված …». Տավուշում 53-ամյա տղամարդը խանդի հողի վրա դաժանաբար սպանել է կնոջը

1in.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Մանվել Ա.-ի գործի դատական քննությունը:

1965 թվականին ծնված Մանվել Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Սպանվածը Մանվել Ա.-ի կինն է…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքին նախորդող երեք տարիների ընթացքում Մանվել Ա.-ն առավել անհաշտ է եղել կնոջ հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք չորս երեխա ունեին… Վերջին շրջանում Մանվել Ա.-ն չարաշահել է ալկոհոլը, կնոջը խանդել է, այդ հողի վրա նրա ու կնոջ հարաբերությունները եղել են լարված:

2018 թվականի մայիսի 11-ին, ժամը 12-ի սահմաններում 53-ամյա Մանվել Ա.-ն գնացել է իր տան նկուղային հարկ՝ լոգարանին կից սենյակ, որտեղ կինը լվացք էր անում: Տեսնելով, որ կինն իր շորերը չի լվանում, խանդի շարժառիթով Մանվելն իր շորերը չլվանալը որպես առիթ օգտագործելով՝ «հաշվեհարդար է տեսել»՝ գրպանից հանել է իր կողմից ապօրինի պահվող, սառը զենք հանդիսացող ծալովի դանակը, բացել ու հարվածել է կնոջ պարանոցին, նաև՝ մարմնի տարբեր մասերին ու սպանել է նրան:

Այնուհետև Մանվել Ա.-ն փախել է դեպքի վայր դարձած տանից: Զանգել է եղբոր տղային, քույրերին, հայտնել է, թե ինչ է արել, գնացել է նույն թաղամասում գտնվող չբնակեցված առանձնատան հարակից տարածք, գիշերել է այնտեղ: Հասկանալով, որ ծանր հանցանք է գործել, մտածել է իր կյանքին վերջ տալու մասին:

Հաջորդ օրը՝ մայիսի 12-ին, Մանվել Ա.-ն նկատել է, որ իրենց թաղամասում շրջում են ոստիկանները, իրեն են փնտրում, գնացել է դեպի ձորը: Նույն դանակով, որով սպանել էր կնոջը, հարվածել է իր կրծքավանդակին, ընկել է խոտերի մեջ: Այնտեղ էլ նրան հայտնաբերել ու տեղափոխել են հիվանդանոց…

Դատարանում Մանվել Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում նա տարբեր վարկածներ է առաջ քաշել: Մի ցուցմունքում հայտնել է, թե կինը, իր կարծիքով, իրեն դավաճանում էր, այդ հողի վրա իրենց հարաբերությունները լարված էին:

Դեպքի օրն ինքը մտել է լոգարանի հարևանությամբ գտնվող սենյակ, տեսել է, որ կինն իր շորերը չի լվանում: Զայրացել է նրա վրա: Կինը գետնից վառելափայտի կտոր է վերցրել ու փորձել է իրեն հարվածել: Ինքն ու կինը դեմ դիմաց էին կանգնած՝ շուրջ մեկ մետր հեռավորության վրա: Ինքը ցանկացել է կնոջը վախեցնել, գրպանից հանել է դանակը, որը միշտ իր մոտ էր, բացել է այն ու կնոջ պարանոցի ուղղությամբ շարժել է: Տեսել է հարվածից արյուն հոսեց, պարզվել է՝ «կտրել է կնոջ պարանոցի մեծ մասը»: Դիմել է փախուստի:

Քանի որ շփոթված է եղել, իր հիշելով՝ մեկ անգամ է հարվածել: Զանգել է քույրերին, ասել է, որ դանակով կտրել է կնոջ պարանոցը, չգիտի՝ նա ողջ է, թե մեռած: Զանգել է քրոջ որդուն, նույն բանն է ասել, խնդրել է իրեն չփնտրել, քանի որ հասկացել է՝ հանցանք է գործել: Ցանկացել է վերջ տալ իր կյանքին, քանի որ իր ձեռքով «քանդել էր իր ընտանիքը»: Գնացել է նույն թաղամասում գտնվող անբնակ տան տարածք, թաքնվել է այնտեղ: Հաջորդ օրը տեսել է, որ համագյուղացիներն ու ոստիկանները շրջում են տարածքում, իրեն են փնտրում, որոշել է փախչել: Վազելով գնացել է դեպի ձորը, վազելու ընթացքում մի քանի անգամ ընկել ու գլորվել է: Հետո մոտը եղած նույն դանակը երկու ձեռքով բռնելով՝ ուժգին հարվածել է իր կրծքավանդակին, կողքի վրա ընկել է խոտերի մեջ, գիտակցությունը կորցրել է: Ուշքի է եկել հիվանդանոցում:

Նախաքննական լրացուցիչ ցուցմունքում Մանվել Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրն ինքը մտել էր հավաբուն, որ հավերին կերակրի՝ կանաչի էր քաղել, կտրտել, որ ճուտերին կերակրի: Այդ ժամանակ նկուղի դուռը փակ էր: Կինը հանկարծ բացել է նկուղի դուռն ու փայտով հարվածել է իր ուսին: Ինքն այդ ժամանակ կռացած էր: Հարվածը կարող էր գլխին դիպչել, ինքը գլուխը փախցրել է, հարվածը դիպել է ուսին: Փորձելով պաշտպանվել՝ ինքը բարձրացրել է ձախ ձեռքը, իսկ աջ ձեռքում այդ ժամանակ դանակն էր: Ինքը ցանկանում էր կնոջ ձեռքից գցել փայտը, բայց դանակը «միամտորեն» դիպել է կնոջը, ինքը նույնիսկ չի տեսել՝ հարվածը կնոջ մարմնի որ մասին է դիպել: Հարվածից հետո կինը հետ-հետ է գնացել՝ դեպի հավաբնին կից լոգարանի սենյակ, որից հետո այդ սենյակի դուռն ինքն իրեն փակվել է՝ այդ դուռն այդպես էր՝ ինքն իրեն փակվում էր… Ինքը դուռը չի բացել, կնոջ վիճակը չի տեսել, քանի որ անմիջապես դուրս է եկել տանից ու… ոչինչ չի հիշում: Դեպքի հանգամանքները վերհիշել է երեք-չորս օր հետո, երբ հիվանդանոցում էր: Ինքը կնոջը հարվածել է ինքնապաշտպանության նպատակով, նրան սպանելու մտադրություն չի ունեցել…

Դատարանում հրապարակված ցուցմունքները լսելով՝ ամբաստանյալ Մանվել Ա.-ն հայտնել է, թե ճիշտը լրացուցիչ ցուցմունքն է, առաջին ցուցմունքն ինքը չի գրել…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ ու ամբաստանյալ Մանվել Ա.-ի որդին, հայտնել է, որ ծնողներն անհաշտ են եղել՝ մի քանի օր լավ են եղել իրար հետ, մի քանի օր՝ վատ: Այդպես է եղել գրեթե միշտ… Հայրը խմիչքի հանդեպ սեր ուներ, ամբողջ օրը հարևանների տներում գործ էր անում, ամեն տեղ մի բաժակ խմում, խմած գալիս էր տուն, կռիվ ու վիճաբանություն էր սարքում: Մայրն ամբողջ օրն աշխատում էր՝ առավոտ վաղ գնում էր այգի, աշխատում էր, վերադառնում էր երեկոյան… Ամբողջ գյուղը շատ լավ էր ճանաչում թե՛ հորը, թե՛ մորը, բոլորը գիտեն՝ ով ով է…

Դեպքից մի քանի օր առաջ էր ինքը Ռուսաստանից վերադարձել, տեսել է, որ ծնողները դարձյալ անհաշտ են: Դեպքից առաջ հայրը նորից կռիվ էր սարքել, իրենց տուն էին եկել հորաքույրները: Հայրը նույնիսկ գրպանից հանել էր դանակն ու ցանկացել էր հարվածել մորը, նրան թույլ չէի տվել: Ինքն ամոթանք էր տվել հորը…

Դեպքի օրն ինքը դուրս էր եկել տանից: Կեսօրին մոտ իրեն զանգել է հորեղբոր տղան ու ասել է, որ մայրը վնասվել է՝ նրան իր հայրն էր զանգել: Ինքը շտապ տուն է գնացել, իջել է նկուղ, մորը տեսել է հատակին ընկած: Նրա կոկորդը կտրված էր, ձեռքերը կտրտված էին, կրծքավանդակն էլ էր վնասված…

Ամբաստանյալի քույրը հայտնել է, թե դեպքի օրվա ցերեկը իրեն զանգել է եղբայրը՝ Մանվելը, ասել է. «Ձեր եղբոր կնոջը սպանել եմ, էկեք տիրություն արեք…»: Մինչև ինքն ու քույրը հասել են եղբոր տուն, ամեն բան ավարտված էր…

Վկան ասել է, որ դեպքի նախորդ օրն էլ եղբոր տանը վիճաբանությւոն էր եղել: Ինքն ու քույրը խնդրել, աղաչել էին, փորձել էին հաշտեցնել, առաջարկել էին բաժանվել, եթե չեն կարողանում լեզու գտնել…

Սպանված կնոջ մայրը հայտնել է, թե դստեր ու փեսայի հարաբերությունները միշտ լարված էին: Փեսան չէր աշխատում, խմելով օրն անց էր կացնում: Ընտանիքի հոգսն իր դստեր ուսերին էր: Նա կացինը ձեռքին փայտ էր կոտորում, հող էր մշակում, չարչարվում էր, որ տունը պահի, իսկ ամուսինը կռիվներ էր սարքում, կնոջ նկատմամբ բռնություն էր գործադրում: Պատահել է, որ դուստրը տանից փախել, եկել է իրենց տուն, մինչև ամուսինը խաղաղվի… Պատահել է՝ նա վախից դրսում է քնել… Բոլորը գիտեն՝ ով ինչպիսին էր: Իր դուստրն առավոտից իրիկուն աշխատում էր, իսկ ամուսինը դանակը դրել է վզին ու մորթել է նրան…

Ամբաստանյալի եղբորորդին նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ դեպքի օրը հորեղբայր Մանվելը զանգել է իրեն ու ասել է. «Հորդ կասես, որ նամակ եմ թողել, թող կարդա, ինձ ման չգաք… Ես կնոջս սպանել եմ… Ինձ ման չգաք…»: Հորեղբայրն այս ամենն ասել ու հեռախոսն անջատել է…

Սպանված կնոջ եղբայրն ասել է, որ քույրն ու ամուսինը վերջին տարիներին անհաշտ էին: Ամուսինը քրոջը ծեծում էր՝ մի անգամ կողն էր ջարդել, մի անգամ՝ ծնոտը… Իր կարծիքով՝ քրոջ սպանությունը «կանխամտածված, գազանաբար սպանություն է», թող մեղավորը օրենքով նախատեսված կարգով պատժվի…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող կնոջ մոտ հայտնաբերվել են շնչափողի, ենթալեզվային ոսկրի, կոկորդի, շնչափողի աճառների, պարանոցի արյունատար անոթների, խորանիստ ու մակերեսային մկանների վնասումներ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող վիրավորում, միջկողային մկանների, առպատային թոքամզի, սրտապարկի, սրտի, ձախ թոքի ստորին բլթի վնասումներ և բազմաթիվ այլ վերքեր… Ստացած ծանր վնասվածքների արդյունքում վրա է հասել տուժողի մահը…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Մանվել Ա.-ն ճանաչվել է մեղսունակ:

Մանվել Ա.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մայիսի 12-ից:

Please enter a valid URL