Search
Close this search box.

«Երբ բախտի դար էր, բախտ չունեինք». Նիկոլ Փաշինյանը մատնանշեց երկիրը փոխելու ճանապարհը

«Ամենակարևոր նախաձեռնությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, դա Սփյուռքի գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում անելիքի վերաբերյալ: Մարդիկ հասկացան, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ». հուլիսի 13-ին Լոռու մարզում «Սմարթամեջ» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ իր այդ խոսքը չպետք է ընկալվի Սփյուռքի կողմից տարիներ առաջ արված բարեգործության թերագնահատում:

Վարչապետը նկատեց, որ եթե նախկինում մարդիկ իրենց հույսը կապում էին պաշտոնյաների հետ, ապա հիմա հասկացել են, որ իրենք կարող են փոխել աշխարհը, և աշխարհը փոխելուց առաջ էլ պետք է իրենք իրենց փոխեն:

Ըստ վարչապետի՝ երկիրը փոխելու ճանապարհը ՀՀ-ն ագրարայինից արդյունաբերական երկրի վերածելն է: Իսկ այդ արդյունաբերական երկրին էներգիա տվող կրթություն, մշակույթ ու սպորտ պետք է լինեն: Խոսելով երկրի ժողովրդագրական վիճակի մասին՝ Ն. Փաշինյանն այն դարձյալ արդյունաբերական երկիր լինելու հանգամանքի հետ կապեց:

«Մենք ընդամենը կարող ենք նայել մեր պատմությանը: Ինչպիսի՞ պայմաններում է եղել, որ ՀՀ-ում բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա եղել է մի միջավայրում, երբ ՀՀ-ում զարգացել է արդյունաբերությունը: Այո՛, դա եղել է Խորհրդային Միության ժամանակներում, բայց այդ արդյունաբերության զարգացման հեղինակը եղել են մեր պապերը, հայրերը և եղբայրները»,-ընդծեց նա:

Վարչապետը հայտարարեց, որ եկել է հաղթելու ժամանակը:

«Երբ ծովի դար էր, ծով չունենինք, նավթի դար էր, նավթ չունեինք, երբ բախտի դար էր, բախտ չունեինք: Ահա եկել է մտքի դարը. մենք ունենք միտք խելք ու տաղանդ: Նշանակում է, որ մենք հաղթելու ենք»,-ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL