Հայաստանում առաջին անգամ կայացավ IHC Armenia 2019կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին: Կոնֆերանսին մասնակցում էին հանրահռչակ վիրաբույժներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Ռուսաստանից, որոնք ներկայացրին իրենց հարուստ փորձը ճողվածքների բուժման նորարարական մեթոդների, դրանց ճիշտ ընտրության հարցում: կոնֆերանսի ընթացքում հատկապես մանրամասն ներկայացվեցին այն մեթոդները, որոնք նվազեցնում են ճողվածքի կրկնության հնարավորությունը:
Կոնֆերանսի բանախոս, Լոս Անջելեսում աշխատող board – սերտիֆիկացված ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանը, ում նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր կոնֆերանսը, հատկապես կարևորում է ճողվածքի ռեցիդիվի կանխարգելմանն ուղղված մեթոդների զարգացման ու կիրառության անհրաժեշտությունը: Նա նշեց, որ հաճախ ճողվածքին ու նրա վիրահատությանը լուրջ չեն վերաբերվում ու հենց այդ կանխակալ վերաբերմունքի պատճառով է, որ հաճախանում են կրկնություններն ու բարդացումները: Ճողվածքները բավական տարածված հիվանդություն են ամբողջ աշխարհում, ունենում են տարբեր տեղակայում և հանդիպում են բոլոր տարիքային խմբերում: Ճողվածքների բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությամբ: Բժշկությունը անընդհատ փորձում է կատարելագործել այդ վիրահատական միջամտությունները՝ ստեղծելով նոր պակաս ինվազիվ մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք նաև կնվազեցնեն հիվանդության կրկնության հավանականությունը: Այս կոնֆերանսի նպատակն է հայ վիրաբույժներին ծանոթացնել ճողվածքի բուժման նորագույն տեխնոլոգիաների հետ, ներկայացնել հայտնի վիրաբույժների փորձը, ու նրանց դարձնել վիրաբուժական նորարարական մեթոդների ճանաչման ու կիրառման ակտիվ մասնակիցը:
Կոնֆերանսի հայ բանախոս, ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով նաև Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է, և իր ներդրումն է ունեցել կոնֆերանսի կազմակերպման գործում, անչափ կարևոր է համարում նման կոնֆերանսների կազմակերպումը, քանի որ այն ճողվածքների արդիական բուժման ոչ ինվազիվ բուժման մեթոդների տարածման միջոց է. «Մեր երկրում լապարասկոպիկ ճողվածքաբանությունը քիչ զարգացած է, կատարվում է եզակի կենտրոններում: Խնդիրն այն է, որ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ վերապատրաստումներ և տեխնիկական հագեցվածություն ապահովելու համար: Իսկ նման կոնֆերանսները Հայաստան են բերում միջազգային փորձը, հայ վիրաբույժներին ցուցադրում աշխարհահռչակ մասնագետների պրակտիկ հմտությունները, նրանց տալիս կատարելագործվելու և զարգանալու լավագույն ուղղությունն ու հնարավորությունը: Այստեղ նրանք հնարավորություն ունեն աշխարհի լավագույն մասնագետների հետ քննարկել վիրահատությունների հետ կապված յուրաքանչյուր մանրամասն. հատումից ու կարումից մինչև կրկնվող –ճողվածքների առանձնահատկություններ»:
Կոնֆերանսի ներկաներից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը իր խոսքում մեծապես կարևորեց արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստումներին զուգահեռ նման միջոցառումների կազմակերպումը հենց Հայաստանում. «Այսպիսի կոնֆերանսները մեծ նշանակություն ունեն վիրաբուժական մտքի նորությունները, նոր մոտեցումները տարածելու համար: Համոզված եմ այս կոնֆերանսը իր ուրույն տեղը կունենա Հայաստանում կազմակերպվող բժշկական միջոցառումների մեջ»:
Կոնֆերանսի շրջանակում կիրականացվեն են ճողվածքի լապարասկոպիկ վիրահատություններ աշխարհահռչակ վիրաբույժների ղեկավարությամբ, որոնք ուղիղ միացմամբ կհեռարձակվեն IHC Armenia ֆեյսբուքյան խմբում: Նաև Թալար Թեջիրյանի գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանում կայացավ կին վիրաբույժների հանդիպում, որը կին վիրաբույժների համայնք ձևավորելու հնարավորություն կտա: