Search
Close this search box.

Արցախի սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից. «Սասնա ծռեր»

Արցախի սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է Արցախի սուբյեկտացումը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետո արդեն Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է Արցախի իր ենթակայի հետ այսպես կոչված համագործակցության փաստաթուղթ ստորագրել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ս.թ. հուլիսի 5-ին նրանք ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արցախի լրացուցիչ սուբյեկտացման նման քայլերը, իբրև թե նպատակ ունենալով իրագործելու Արցախին բանակցությունների սեղան բերելու տնաբույս խորամանկությունը, իրականում ոչ միայն լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու առումով, այլև կասկածի տակ են առնում Արցախի դե ֆակտո միացումը և որոշակիորեն օտարում են Արցախը։

Նման գործելակերպը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից՝ նրանց հնարավորություն տալով բանակցությունները տանել Արցախը մեզանից առանձնացնելու և իրենց առևտրի օբյեկտ դարձնելու ուղղությամբ։

Արցախի լրացուցիչ սուբյեկտացման այս նորամուծությունը թերևս ամենափակուղայինն ու վտանգավորն է, որ հնարավոր էր հորինել նույնիսկ հակահայ Մադրիդյան սկզբունքներին համապատասխան։ Վերստին պնդում ենք, որ Արցախի հարցի լուծումը հնարավոր է բացառապես Մադրիդյան սկզբունքները մերժելու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում նրա դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով»:

Please enter a valid URL