Search
Close this search box.

Դոն Պիպոյի դատվելու հարցը լրջանում է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է  ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առեւանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Արթուր Ասատրյանի, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դեռեւս որեւէ դատավորի չի մակագրվել։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի եւ Արկադի Հրաչիկի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Մասնավորապես՝ Արթուր Ասատրյանը, տեղեկություններ ստանալով, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, եւ այդ կապակցությամբ վարձակալել են Էջմիածին քաղաքի՝ իր բնակության վայրի հարակից տարածքում գտնվող առանձնատունը, կազմակերպել եւ իր ղեկավարման ներքո գտնվող, նախնական համաձայնությամբ գործող քրեական գործով դեռեւս չպարզված մի խումբ անձանց հանձնարարել է առեւանգել Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին եւ Արկադի Քոչինյանին՝ վերջիններիս տեղափոխելով իր մոտ:

Ի կատարումն Արթուր Ասատրյանի հրահանգի՝ 2017թ. մասյիսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտակ Այվազյանի եւ Վազգեն Ղազախեցյանի կողմից «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով վերոնշյալ վարձակալված հասցե վերադառնալու ժամանակ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան եւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բռնություն կիրառելով տվյալ անձանց նկատմամբ, վերջիններիս տեղափոխել են իրենց կողմից վարվող ավտոմեքենան ու, բացահայտ առեւանգելով նրանց, Արթուր Ասատրյանի ցուցումով տեղափոխել են վերջինիս մոտ:

Նշված վայրում Արթուր Ասատրյանի ներկայությամբ, վերջինիս ղեկավարմամբ գործող անձինք շարունակել են բռնություն գործադրել առեւանգող անձանց նկատմամբ, որից հետո, Արտակ Այվազյանը ժամը 21:21-ի սահմաններում Արթուր Ասատրյանի հրահանգով, կիրառված բռնությունների եւ սպառնալիքների ազդեցության տակ, զանգահարել է այդ ընթացքում իրենց կողմից վարձակալած բնակարանում գտնվող Արկադի Քոչինյանին եւ հյուրասիրության մասնակցելու պատրվակով, Արթուր Ասատրյանի հրահանգով մոլորեցրել է նրան, պայմանավորվածություն ձեռք բերելով իբրեւ իրենց մտերիմների միջոցով Արկադի Քոչինյանին մտացածին հյուրասիրության վայր տեղափոխելու վերաբերյալ:

Սպառնալիքների կիրառմամբ, Արտակ Այվազյանի միջոցով Արկադի Քոչինյանին մոլորեցնելու արդյունքում Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ գործող դեռեւս չպարզված անձինք, խաբեությամբ, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատնից, նույն օրը առեւանգել են նաեւ Արկադի Քոչինյանին եւ կրկին տեղափոխել Արթուր Ասատրյանի մոտ:

Այնուհետեւ, Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները, շարունակելով առեւանգված անձանց նկատմամբ բռնության գործադրումը, վերջիններիս տեղափոխել եւ պահել են Էջմիածին քաղաքի եւ հարակից տարածքներում գտնվող 3 տարբեր վայրերում, որոնցից Արթուր Ասատրյանի փաստացի բնակության վայրի՝ Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան կամարաձեւ մուտքի աջակողմյան հատվածում գտնվող պահակակետի նկուղային հարկում առեւանգված անձանց պահելու ժամանակահատվածում՝ 2017թ. մայիսի 21-ին՝ ժամը 10:08-ի սահմաններում, բջջային հեռախոսով Արթուր Ասատրյանը կատարել է 3 րոպե 47 վայրկյան ընդհանուր տեւողությամբ տեսաձայնագրություն։

Այսպիսով, 2017թ. մայիսի 20-ին, Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնության գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ Էջմիածին քաղաքից բացահայտ առեւանգել են Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին եւ Վազգեն Ղազախեցյանին, որի ընթացքում շարունակելով նրանց նկատմամբ բռնության գործադրումը մինչեւ նույն ամսի 24-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել եւ ապօրինի պահել են 3 տարբեր հասցեներում՝ այդ թվում Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան պահակակետի նկուղային հարկում:

Առեւանգված անձանց առողջության համար վտանգավոր բռնության գործադրումը դրսեւորվել է Արտակ Այվազյանի առողջությանը՝ բութ առարկաների օգտագործմամբ գլխի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրի կոտրվածքի, քթի երկու կողմերից վերին եւ ստորին կոպերի, աջից գոտկային շրջանի արյունազեղումների, քթի եւ ձախ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով, Արկադի Քոչինյանի առողջությանը՝ ծակած կտրած վերքերը՝ սուր ծակող կտրող գործիքի, իսկ մնացած վնասվածքները՝ բութ առարկաների ազդեցությամբ՝ աջից քունքային եւ ձախից այտային շրջանների սալջարդ վերքի, ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերի, աջից քունքային, ձախից՝ վերին եւ ստորին կոպերի, այտային, ձախ ուսագոտու ազդրի շրջանների եւ ակնագնդի արյունազեղումների եւ աջից հոնքի շրջանի քերծվածքների ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու ձեւով, իսկ Վազգեն Ղազախեցյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ճակատի շրջանի ճանկռվածքի, աջից ծոծրակային, ձախից վերին կոպի, ականջախեցիների եւ կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումների, ձախից ծոծորակային եւ հոնքի շրջանների սալջարդ վերքերի, պարանոցի, ստորին ծնոտի ձախ կեսի եւ ձախ նախաբազկի շրջանների քերծվածքների ձեւով:

2017թ. մայիսի 24-ին, կրկին գործելով Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ, վերջինիս հանձնարարությամբ, հանցավոր գործունեությանը ներգրավված անձինք Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին եւ Վազգեն Ղազախեցյանին, վերջիններիս կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35 GU 424 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել են նրանց կողմից վարձակալած Վաղարշապատ քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում գտնվող տուն՝ փաստացի ազատ արձակելով վերջիններիս:

Այսպիսով, Արթուր Օնիկի Ասատրյանին մեղսագրվում է ծանր հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քր. Օր-ի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով:

(«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը»)։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։

Please enter a valid URL